01.04.2024|
11:02
Օպերայի շենքը երևանցիների համար Մասիսի նման է. ինչպես Մասիսի հայացքի տակ հայն ապրում է իր ամբողջ կյանքը, նենց էլ՝ Օպերայի հայացքի տակ երևանցին ծնվում, ապրում ու մեռնում է՝ էն տարբերությամբ, որ Օպերայի շենքին կարելի է մոտենալ, ձեռք տալ, ներս մտնել։ Ժամանակին շենքի գագաթին, Նոյան տապանի նման, իջել էր Երևանի գլխավոր ջերմաչափը, ու, Նոյան տապանի նման էլ, շատերը չէին հավատում էդ ջերմաչափին, կարծում էին, որ շատ բարձր ու շատ ցածր ջերմաստիճանները ցույց չի տալիս. հանկարծ կարող է աշխատավոր մարդիկ գործի չգնային՝ պատրվակ բռնելով աշխատանքային օրենսգիրքը, որտեղ, իբր, գրված էր, որ շատ բարձր ու ցածր ջերմաստիճանի դեպքում տնից դուրս գալ չի կարելի, չնայած, ոչ ոք էդ բանը չէր կարդացել։